Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ անդրադառնալով Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու Թուրքիայի քաղաքականությանը:

«Այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Հադդադը:

Հադդադը նշել է,  որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում:

«Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են»,-ընդգծել է դեսպանը: