Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող 19-ամյա Գևորգ Ղուկասյանը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրից էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քարաշենի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանը:

«Գյուղացու աշխատող ընտանիքից էր, ապրում էր ծնողների, քրոջ ու եղբոր հետ: Մեկ տարի 2 ամիս էր, որ ծառայում էր, մայիսին պետք է վերադառնար»,- պատմեց բնակավայրի վարչական ղեկավար:

Նրա խոսքով՝ Գևորգը խելոք, աշխատասեր տղա էր, գերազանցությամբ էր սովորում դպրոցում և ուզում էր շարունակել կրթությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։