Ռազմական գործողությունները երբեք էլ լավ բանի չեն բերել: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովը` անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին:

«Մենք տեսնում ենք, որ հետխորհդային տարածաշրջանը առանց այն էլ չի առանձնանում իր կայունությամբ: Դոնբասում շարունակվում է ռուսական ագրեսիան, Բելառուսում չի  հանդարտվում իշխանության և ընդդիմության միջև հակասությունը, իսկ Ադրբեջանի գործողությունները պարզապես ավելանում են այդ ոչ կառուցողական գործընթացներին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ իրավիճակը տարածաշրջանում կկայունանա, կողմերը ինչ-որ համաձայնության կգան»,- ասաց նա` նկատելով, որ հակառակ դեպքում իրավիճակը բացասական հետևանքներ է ունենալու` հաշվի առնելով, որ որոշ արտաքին խաղացողները այս կամ այն աստիճանով ներգրավվել են գործընթացում:

Անդրադառնալով երեկվանից հայկական մեդիատիրույթում շրջանառվող լուրերին, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, ուկրաինացի պատգամավորը նշեց, որ դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

«Ուկրաինան շատ լավ հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունը և կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Որովհետև մենք հետաքրքրված ենք, որ տարածաշրջանը կայուն մնա:  Մենք, ցավոք սրտի, մեզ վրա ենք զգացել պատերազմի դժվարությունները և չենք ցանկանում, որ մեզ համար երկու բարեկամական և ոչ օտար երկրները իրար հետ հակամարտության մեջ լինեն»,- ասաց նա:

Նա, նկատի ունենալով իրենց խորհրդարանի պատգամավոր Յուլիա Մարչենկոյի հայտարարությունը, նշեց, որ «ոչ քաղաքական գործչի» ասածը չի կարող լինել երկրի և նախագահի դիրքորոշումը:

«Ուկրաինան պետք է պահի կառուցողական և գործընկերային հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես Ադրբեջանի հետ, և մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում միջամտել այս հակամարտությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությանը և տեղեկություններին, ըստ որոնց, այդ երկիրը սիրիացի ահաբեկիչների է բերում պատերազմական գոտի Ադրբեջանի համար պատերազմելու համար, Անտոն Պոլյակովը նշեց, որ իր համոզմամբ, այլ երկրները շատ զգույշ պետք է վերաբերվեն հարցին և իրենց գործողություններով չհրահրեն առանց այն էլ ծայրահեղ իրավիճակը:

«Դեռ հակառակը, պետք է կողմերին կոչ անել դադարեցնելու կրակը և ստեղծել միջազգային հարթակներ, որտեղ կարող են տեղի ունենալ դեէսկալացիայի բանակցությունները: Հատկապես երբ խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է: Սա ևս մեկ սպառնալիք է միջազգային անվտանգությանը, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ դեր կարող են խաղալ գերտերությունների ղեկավարների կոչերը` կրակը դադարեցնելու մասին, կարո՞ղ են նրանք ստիպել ագրեսորին դադարեցնել պատերազմը, ուկրաինացի պատգամավորը նշեց, որ խնդիրն այն է, թե որքան ուժեղ և համոզիչ կլինեն այդ կոչերը:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհաքաղաքական տարածքը փոխկապակցված է: Ես վստահ եմ, որ երկարաձգումների ժամանակ չկա: Իրավիճակը պետք է կայունացնել, իսկ դա հնարավոր է այս գործընթացին միայն միջազգային մեծ աջակցության շնորհիվ»,- ասաց նա:

Ուկրաինացի պատգամավորը նաև հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության այս թեժ իրավիճակը կհանդարտվի, և կողմերը համաձայնության կգան: «Այլ տարբերակ չպետք է լինի: Անխոս, իրավիճակը կշարունակի մնալ լարված, բայց կարևորն այն է, որ պատերազմն ավարտվի»,- ասաց նա: