Այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել, նախքան այդ էլ Ստեփանակերտը հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չէին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Անզեն աչքով էլ հասկանալի է, որ նախնական տվյալով 4 հրթիռ է արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ և քացաքացիական բնակչություն։ Նախ՝ Ստեփանակերտում գտնվող Արտակարգ իրավիճակերի պետական ծառայության շենքն է լրջորեն վնասվել, ու ակնհայտ է, որ դա դիտավորյալ և թիրախավորված կերպով է եղել՝ հաշվի առնելով հրթիռի դիպուկայնության աստիճանը։ Շատ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, ինչի հետևանքով նախնական տվյալով 7 վիրավոր կա՝ քաղաքացիական բնակչության և ծառայության աշխատակիցների շրջանակում, վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում»,- հայտնեց Արցախի ՄԻՊ-ը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարձակում հասցնելն, ըստ Բեգլարյանի՝ պատերազմական հանցագործություն է։ ՄԻՊ-ը կարևորում է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որևէ էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը համապատասխան արձագանք չի ստանում, և նաև դա ռեալ պատժամիջոցների վտանգ չի հարուցում, ապա Ադրբեջանն իրեն ավելի ազատ և անկաշկանդ է զգում։ Այդ տրամաբանության մեջ պետք է տեսնենք այսօրվա դեպքերը, և հետևաբար միջազգային հանրությունը լուրջ անելիք ունի՝ իր պարտականությունները կատարելու հարցում, այլապես Արցախում տեղի ունեցող և հնարավոր տեղի ունենալիք հումանիտար վատնգները, աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ են լինելու։ Հետևաբար, գոնե այս դեպքը չպետք է լուռ անցնի» ,- նկատեց Արցախի ՄԻՊ-ը։