ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել: Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»,- գրել է Ստեփանյանը: