Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին գրառում է կատարել՝  հետևորդներին տեղեկացնելով ադրբեջանական ու թուրքական ագրեսիայի մասին:

«Հարգելի՛ ընկերներ, գտնում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումն ու զգացողություններս կիսեմ ձեզ հետ: Այսպես՝ մեկ անգամ չէ, որ նախկինում գրառում եմ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերում ադրբեջանցի շատ շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Համոզված եմ, որ մենք՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:

Լռել չկարողանալուս պաճառն այն է, որ երկիրս ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա անհավատալի է թվում ինձ համար, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որի ընթացքում մոտ մեկուկես միլիոն հայ է սպանվել:

Պատկերավոր օրինակի համար պատկերացրեք, թե 1960-ականներին իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ Գերմանիան Իսրայելի դեմ կռվելու համար զորքեր ուղարկեր, իսկ երկրի նախագահն էլ հայտարարեր, թե հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞ արդյոք: Այսպիսով՝ նման իրավիճակում նվազագույնը, որ կարող եմ անել, իրազեկելն ու ամեն կերպ իմ ժողովրդին աջակցել փորձելն է»,-գրել է մարզիկը:

Այնուհետև նա անդրադարձել է Բաքվում և Սումգայիթում հայ բնակչության ջանդերին, ինչպես նաև կոչ է արել հարցը լուծել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների միջոցով:

«Անասելի ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ պատերազմի հետևանքով զոհված երիտասարդներին, որոնք նոր էին սկսել ապրել»,-նշել է Արոնյանը՝ ընդգծելով, որ այս աշխարհից հպարտ կհեռանա, եթե ինքը, իր ապագա երեխաներն ու ընկերները կարողանան պաշտպանել իրենց ազգը:

«Դա մեր պարտքն է և որպես հնագույն ազգ՝ մենք մեր գոյությամբ պարտական ենք հերոսներին»,-եզրափակել է շախմատիստը: