«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունները շարունակում են աշխատել ռազմական դրության թելադրած կանոններով։ Երեկ ՀՀ կառավարությունը նիստ չի հրավիրել, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։ Հեռավար քննարկել, ապա գրավոր քվեարկությամբ ընդունել են հրատապ նախագծերը, որոնք կհրապարակեն կառավարության կայքում։

Երեկվա դրությամբ դեռ որեւէ որոշման, նախագծի մասին կայքում լուր չէր տեղադրվել։ Մեկ օր առաջ էլ գրել էինք, որ ԱԺ-ն է նման ռեժիմով աշխատելու, օրակարգ են բերվելու միայն ռազմական դրությունից բխող նախագծերը։

Ի դեպ, երեկ կառավարության e-gov.am էլեկտրոնային հավելվածից հանվել էին անգամ նախկին որոշումներն ու արձանագրությունները։ Իրավիճակը նաեւ պահանջում է չեղարկել նախապես պլանավորված գործուղումները։

Երեկ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանին «Բիշքեկ գործուղելու մասին» ավելի վաղ ստորագրած կարգադրությունը:

Հիշեցնենք, որ պատգամավորներն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում պիտի մասնակցեին Ղրղզստանում հոկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին, իսկ Ալեն Սիմոնյանը պիտի ղեկավարեր ԱՊՀ դիտորդական առաքելությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում