Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանում և Արցախում գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Գրառումը՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝

Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ Այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝

Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում

Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի պատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն:

Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:

Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործում է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»։