Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Թորգոմի Խաչատրյանը Արմավիրի մարզի Այգեշատ համայնքից էր։ 1.5 տարվա ծառայող էր, վեց ամսից զորացրվելու էր։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Այգեշատի համայնքապետ Ռոբերտ Հովսեփյանը։ Խոսելով հայրենիքի պաշտպանության համար զոհված ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանի մասին, գյուղապետն ասաց․ «Հրաշք երեխա էր, եթե նենց ստացվեր մեկի ոտը տրորեր, հազար անգամ կներեք, կներեք էր ասում, այ տենց երեխա էր։ Վեց ամսից պետք է հետ վերադառնար։ Բանակում էլ իրա պես զենքից կրակող չի եղել, այ տենց ուշադիր ու զգոն է եղել»,- ասաց գյուղապետը։ Զոհված ժամկետային զինծառայողը Այգեշատ համայնքում բնակվում էր ծնողների և երկու եղբայրների հետ։ Եղբայրներից մեկը՝ առաջին դասարանում է սովորում, մյուսը՝ պատրաստվում է մեկնել բանակ։ Ինքը տան ավագն էր։

Համայնքապետը նաեւ հայտնեց, որ Աշոտ Խաչատրյանը զորացրվելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալու։


Զոհված ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանի դին այսօր կտեղափոխեն հարազատ համայնք։ Գյուղապետն ասաց՝ ամբողջ գյուղը սգում է համագյուղացու, հերոս տղայի, նպատակասլաց ու դաստիարակված Աշոտ Խաչատրյանի մահը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Irakanum.am