Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիա զենքի արտահանումը, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ Կանադայից արտահանված տեխնոլոգիաները հանգեցնում են Մարդու իրավունքների խախտումների, գրում է National Post-ը։

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այդ մասին ասել է կանադական մամուլին տված հարցազրույցում։

Նա պատասխանել է սպառազինությունների վերահսկման դիտորդական խմբերի կոչերին՝ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:

«Ես անմիջապես հանձնարարել եմ մեր պաշտոնյաներին հետաքննել այդ պնդուները։ Ես պատրաստ եմ կասեցնել կամ չեղյալ հայտարարել ցանկացած թույլտվություն, եթե ապացուցվի, որ դրանք հանգեցրել են մարդու իրավունքների խախտումների»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։