ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կոնտակտների արդյունքներով:

«ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, անաչառ կերպով իր դերը ստանձնելու վճռականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում», – նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Լը Դրիանն այդ զրույցների ընթացքում կրկին կոչ է արել կողմերին անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարացումը կբերի միայն զոհերի քանակի ավելացմանն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև կառաջացնի էսկալացիայի ռիսկեր, որը կարող է դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողությունից: «Ես զգուշացրել եմ զրուցակիցներիս հակամարտության ինտերնացիոնալիզացման վտանգի մասին»,-շեշտել է Լը Դրիանը: