ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչին:

ԱԳՆ հայտարարությունում ասվում է.

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:

Հայաստանը շարունակաբար մերժել եւ դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը եւ Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի եւ Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը:

Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»: