Հայաստանի վիրտուալ տարածքում TikTok սոցիալական կայքի աշխատանքն արգելափակելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են զանգահարել TikTok–ի գրասենյակից։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեզ զանգահարել և խնդրել են մեր մոնիթորինգի արդյունքները, որպեսզի իրենք հասկանան, թե այդ ատելությունը որտեղից է տարածվում և հասկանան, թե դա ինչ է»,– ասաց Թաթոյանը։

Պաշտպանը հայտնեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել տրամադրելու մոնիթորինգի արդյունքները։ Առիթից օգտվելով՝ ՄԻՊ գրասենյակն իր մտահոգությունն է հայտնել կայքում վերահսկողության ցածր մակարդակի վերաբերյալ։

«Մենք արձանագրել էինք բռնության կոչերով ու բռնության ագրեսիվ տեսարաններով, այդ թվում՝ սպանություններով հրապարակումներ սոցիլական ցանցերում` Facebook, Tweeter և ամենաագրեսիվն այս իմաստով TikTok-ն էր»,– նշեց Թաթոյանը։

Հիշեցնենք` TikTok–ում տարածվող հակահայկական քարոզչության ու բռնության կոչերի հետևանքով ՀՀ իշխանությունը հոկտեմբերի 1–ից արգելափակել է TikTok–ի հասանելիությունը հայաստանյան համացանցի տիրույթում։