Տիգրանը շատ ընկերասեր, աշխատասեր ու նվիրված անձ էր, շատ ոգևորված գնաց բանակ: Հայրը 1990-ականներին պատերազմի ժամանակ ոտքը կորցրել էր, ու հիմա էլ իր երեխան գնաց պատերազմ ու չվերադարձավ. Tert.am-ին, հուզմունքը զսպելով, զոհված զինծառայող Տիգրան Սիմոնյանի մասին պատմեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Նառա Պապյանը:

«Տանը 3 երեխա էին՝ երկու տղա, մեկ աղջիկ, ինքը փոքրն էր: Տիգրանը ընկերուհի ուներ, անհամբեր իրեն էր սպասում, հիմա խիստ անհանգստանում ենք այդ երեխայի համար: Հունվարին Տիգրանը պետք է ավարտեր ծառայությունը, և ամուսնանային»,- նշեց նա:

Տնօրենը հիշում է, որ Տիգրանը շատ աշխատասեր էր, Ներքին Կարմիրաղբուրի դպրոցը վատ վիճակում է եղել, հովանավորի միջոցով կարողացել են ամբողջությամբ վերանորոգել, Տիգրանն էլ մյուս աշակերտների հետ միասին ամռան ամբողջ ընթացքում աշխատել է շինարարության վրա.

«Տիգրանի մասին հիշողությունները շատ են, շատ չափված -ձևած և զուսպ երեխա էր: Իր տարիքի համեմատ մեծի պահվածք ուներ: Մեծ հարգանք ուներ ուսուցիչների և մեծերի նկատմամբ։ Քանի որ բարձրահասակ էր, ինչ գործ կար, իրեն էր վստահվում: Այնքան աշխատասեր էր, որ դպրոցի ամեն մի անկյունում Տիգրանի մատնահետքը կա: Ու հիմա նրա գործը ստիպում է ավելին անել, քանի որ ինքը արել է, ստիպում է չընկճվել, քանի որ ինքը չի ընկճվել, ստիպում է, որ ավելի ուժեղ լինենք, քանի որ նա ուժեղ էր․․․ Երբ իմացանք լուրը, բոլորս կոտրվեցինք»:

Տնօրենը նշում է, որ դպրոցում նույնիսկ վախենում էին մտածել ու արտահայտվել, որ թեև դպրոցը գտնվում էր սահմանին, բայց 90-ականներից հետո երկար տարիներ զոհված անուն չեն ունեցել.

«Չնայած որ սահմանի դպրոց ենք, երեխաները ծառայում են, բայց մենք վիրավոր ու զոհ չունեինք, երբ հուլիս ամսին կրակոցներ էին, ու այդքան արկեր թափվեցին, բայց մենք նույնիսկ վնասված լուսամուտ չունեինք, դպրոցի սիրտը առողջ էր, ու հիմա Տիգրանով դպրոցի սիրտը կոտրված է, կուզենայինք իրեն ամուր գրկեինք ու պահեինք»:

Տիգրան Աշոտի Սիմոնյանը ծնվել էր 2000 թվականին, ծնվել և մեծացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Զոհվել է սահմանում մարտական գործողություններ իրականցնելիս:

Նյութի աղբյուրը՝ tert.am