Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է լրատվականի ֆեյսբուքյան էջը։

Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդվել էր Արցախում երկու ֆրանսիացի լրագրողների վիրավորման մասին

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10 ուղղաթիռ, 90 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։