Իսպանիայի Ալիկանտե քաղաքի և հարակից քաղաքներում ապրող հայերն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ալիկանտեի հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանը։
«Այսօրվա մեր հավաքը կապված էր ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի։ Մի քանի օր է նրանք պատերազմում են Հայաստանի և Արցախի դեմ։ Քանի, որ այստեղի մեդիան շատ վատ է լուսաբանում, իսկ Իսպանիայի իշխանությունները որեւէ կերպ չեն արտահայտում դիրքորոշում, մենք եղել ենք կառավարության շենքի դիմաց և նամակ ենք ներկայացրել բոլոր հայության կողմից, որպեսզի անպայման սենատում բարձրացնեն հարցը»,- ասաց Ալիկանտեի հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանը։ Հարյուրից ավելի քաղաքացիներ են հավաքվել կառավարության շենքի դիմաց։ Բացի հայերից կառավարության շենքի դիմաց հավաքվել են նաեւ քաղաքացիներ այլ երկրներից։

Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարության տեքստում ընդգծել են, որ պատերազմը սկսելու ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ավտորիտար ղեկավարությունը։ Նրանք կոչ են անում իսպանական և եվրոպական քաղաքական ինստիտուտներին, մարդասիրական ու հասարակական կազմակերպություններին և միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ հարձակումը և հանդես գալ համապատասխան կոչով՝ վերադառնալ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին։ Բացի այդ կոչ է արվում իսպանական որոշ ԶԼՄ-ների լուսաբանել բացառապես անկողմնակալ։

Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքերում ծածանել են հայկական դրոշն ու երգել Հայաստանի հիմնը։

Իսպանիայի հայ համայնքի հայտարարությունը եւ ակցիայից լուսանկարներ՝ ստորևէ։