Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Յուրաքանչյուր հարց կարելի է դիտարկել երկու կողմից։ Առաջինը զգացմունքային կողմն է։ Ես շատ եմ եղել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունեմ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 1915 թվականին՝ շատ երկրների կողմից ճանաչված Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, ես տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի գոյության իրավունքի վերաբերյալ մի շարք հայտարարությունների մասին: Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմն եմ»,- գրել է նա։

Լրագրողը նշել է, որ «ցավոք, չի կարող գնահատական տալ, որովհետև այդ իրավիճակից բավականաչափ չի հասկանում, քիչ բանիմաց է, մասնագետ չէ»։

«Եթե Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ապա ՄԱԿ-ի գործն անհապաղ միջամտելն է։ Եթե որևէ երրորդ երկիր միջամտում է, ապա միջազգային հանրության գործը խիստ պատժամիջոցների սպառնալիքի ներքո ամենավճռական ձևով պահանջելն է՝ դադարեցնել այդ գործողությունները։ Վերջապես, կարևոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել և հասնել այդ բարդ խնդրի խաղաղ լուծմանը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։