Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում ստացած վիրավորումով այսօր Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Արցախ էր մեկնել ոչ միայնակ, այլ ընկերների հետ։ Նրանցից մեկն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ու զոհվել, իսկ Մ.Մանուկյանը վնասվածքով տեղափոխվել Երեւան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Վարձկանների օգտագործումը փաստել են նաեւ միջազգային լրատվամիջոցները։