Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնում է, որ իր թունավորմանը մասնակից է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ընդդիմադիրն ասել է Spiegel-ին տված հարցազրույցում:

«Ես պնդում եմ, որ այս հանցագործության հետևում կանգնած է Պուտինը, կատարվածի այլ վարկածներ ես չունեմ»,- ասել է Նավալնին: Նա նաև հաստատել է, որ Գերմանիայում բուժման կուրսն ավարտելուց հետո մտադիր է վերադառնալ Ռուսաստան:

Նավալնին նկարագրել է նյարդապարալիտիկ նյութի, որով, ենթադրաբար, նրան թունավորել են, ազդեդցության հետևանքով ունեցած զգացողությունները. «Դուք ցավ չեք զգում, բայց գիտեք, որ մահանում եք»:

«Հիմա իմ խնդիրն է մնալ տղա, որը չի վախենում: Եվ ես չեմ վախենում»,- ասել է ընդդիմադիրը:

Ի պատասխան Նավալնիի հայտարարությունների՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը փրկել է նրա կյանքը: Վոլոդինի խոսքերը հրապարակվել են խորհրդարանի ստորին պալատի կայքում: