ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացրել է Ադրբեջանում տիրող տնտեսական իրավիճակի պատկերը։

Նա մասնավորապես գրել է․

«Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերած պատերազմը շատ թանկ է արժենալու այդ երկրների համար։ Ադրբեջանը կորցնում է ոչ միայն մարդկային կյանքեր, զինտեխնիկա, այլև տնտեսական մեծ կորուստներ է կրում։

Հոկտեմբերի 1-ին նավթային բորսայում ադրբեջանական նավթի գինը ընկել է 3,16 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 42,93 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեն կազմվել է 1 բարելի համար 55 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլար ապրանք, որի 90,9 տոկոսը կազմում է նավթն և գազը։ Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է ավելի և ավելի կախվածություն ունենալ նավթի և գազի արտահանումից։

Այս տարվա ընթացքում ադրբեջանական նավթի գինը չի գերազանցել 55 ԱՄՆ դոլարը, հետևաբար, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մսխել պահուստային ֆոնդերը։ Այս պատերազմի պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարած երկրները և կազմակերպությունները Ադրբեջանի նկատմամբ կկորցնեն իրենց վստահությունը, երկրից նոր կապիտալի արտահոսք և մանաթի կտրուկ արժեզրկում կլինի։ Այս պայմաններում Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները չեն կարող երաշխավորել իրենց ենթակառուցվածքների անվտանգությունը։

Այս ամենից դարձյալ հիմնականում տուժելու են շարքային ադրբեջանցիները՝ կորցնելով աշխատատեղերը, ունենալով գնաճ և այլն»։