Եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն իրական ու ունենան փաստաթուղթ, ապա մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ իսկապես հողի վրա իրականություն ձևավորենք։ Այս մասին Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Միակ արդյունքը, որն այս կռվի բաժնում ունենալու ենք, դա հաղթելն է։ Մենք պարտավոր ենք հաղթել, մենք չունենք այլ ելք, բացի հաղթելուց։ Սա կյանքի ու մահու խնդիր է, մեր ապագայի խնդիրն է։ Ցավոք սրտի, Արցախի խնդիրը չունի ընդամենը 30 տարվա պատմություն, այն ունի 102 տարվա պատմություն։ Իսկ հայկական հողում ապրելու մեր իրավունքը սկսվել է պայքարի իմաստով 1915-ից՝ ցեղասպանության օրերից, երբ Արևմտյան մասում Թուրքիան կարողացավ հայերին քշել իրենց հայրենի հողերից, կոտորել, ջարդել, իսկ 1918 թվականից սկսած իր կողմից նախաձեռնած ու կազմակերպած Ադրբեջանական հանրապետությունը փորձեց Արցախում նույն քաղաքականությունը վարել և հայերին այստեղից քշելու քայլեր ձեռնարկել։ Այն ժամանակ չստացվեց։ Այսօր մեր խնդիրն իսկապես չունի ընդամենը 30 տարվա հարց, չունի ընդամենը 3 օրվա հարց։ Միջազգային հանրությունն այս երեք-չորս օրերին հարցը, որը տալիս է, ասում է՝ իսկ ինչո՞ւ հիմա ինչ-որ մի բան տեղի ունեցավ։ Եթե իրենք չեն հասկանում արմատները, իրենց համար սա իսկապես հոլիվուդյան կինոյի նման մի երևույթ է։ Իրենց համար ինչ-որ հողեր են, ինչ-որ տարածքներ, որոնք և վաշինգտոնյան, և մոսկովյան, և բրյուսելյան և միգուցե այլ մայրաքաղաքներից ավելի շատ նայվում են շուկայական տարբերակով՝ դուք մի քիչ այստեղ տվեք, իրենք այստեղ մի բան կանեն և այլն»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մենք իսկապես ունենք խնդիր՝ Արցախի հարցն աշխարհին մանրակրկիտ և նորովի ներկայացնելու։ Եվ դրա համար մենք պետք է այսօր բան ապացուցենք։ Իսկ այդ բան ապացուցողները մեր զինվորներն են, հրամանատարներն են, մեր ամբողջ ազգն է։

Պողոսյանը նշեց, որ, ցավոք սրտի, այսօր բանակցային գործընթաց տեղի չի ունենալու, և միգուցե երկար չի ունենալու, քանի որ հողի վրա իրավիճակ չի փոխվել։ «Եթե մեր պապերը, հայրերը, եղբայրները 1991-94 թվականներին չձևավորեին իրական հողի վրա իրականությունը, որը մենք ունեինք, Բիշքեկյան եռակողմ համաձայնագիրը չէր ստորագրվելու։ Երբ ինձ հիմա հարցնում են՝ իսկ երբ կարող է լինել կամ ինչպես կարող է լինել, որ մենք նստենք բանակցությունների, ես մի բան եմ հասկանում՝ եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն իրական ու ունենան փաստաթուղթ, որը թույլ կտա էլի ժամանակ շահել՝ հզորանալու, ապա մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ իսկապես հողի վրա իրականություն ձևավորենք։ Ես հուսով եմ, որ հայ ազգը տեր կլինի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն խոսքին, որ՝ կլինի պատերազմ, կլինեն նոր հողեր։ Մենք պետք է դա կարողանանք անել, չպետք է իլյուզիաներ ունենանք, որ ինչ-որ մեկը ճնշումներով մեր տեղը գալու է խնդիր լուծելու։ Այս հարցում մենք դաշանկից չունենք, Արցախի դաշնակիցը ՀՀ-ն է, ՀՀ-ի դաշնակցը՝ Արցախը»,- ասաց Թևան Պողոսյանը։