Հայ- ադրբեջանական սահմանում մարտական գործողություններ իրականացնելիս զոհված Ավագ Գրիշայի Մելիքյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից էր:

Tert.am-ին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Ավագը պայմանագրային զինծառայող է, ծնվել և մեծացել է Չարենցավանում,  երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա, ըստ տեղեկություների, աղջիկը նոր է ամուսնացել:

Նշենք, որ այսօր Կոտայքի մարզպետարանը հաղորդագրություն էր տարածել, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհեր կան նաև Կոտայքի մարզից, նշելով երեք զոհված զինծառայողների անունները, որոնց թվում էր նաև 1978 թվականի ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանը:

Կոտայքի մարզպետարանի տեղեկության համաձայն Ավագ Գրիշա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։