Սուրբ Աթոռի դիվանագիտական ծառայության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերը հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի ընդունի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Վատիկանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկացի պաշտոնյան Հռոմ էր եկել եվրոպական շրջագայության շրջանակներում:

Պոմպեոյի այցի կապակցությամբ Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված կրոնական ազատության պաշտպանության սիմպոզիումի կուլուարներում Գալագերը լրագրողներին հասկացրել է, որ միջոցառումը կարող է որպես պոնտիֆիկի կերպարն ԱՄՆ նախընտրական արշավի շրջանակներում օգտագործելու փորձ դիտվել:

«Սա է պատճառներից մեկը, ինչի համար Հռոմի պապը չի հանդիպելու պետքարտուղար Պոմպեոյի հետ»,- ասել է արքեպիսկոպոսը:

Բացի այդ, Գալահերը նշել է, որ, ընդունված պրակտիկայի համաձայն, միջոցառումների ծրագիրը, որոնք նվիրված են այդքան բարձր մակարդակի այցին, համաձայնեցվում է ընդունող կողմի հետ, ինչը, ըստ էության, չի արվել:

«Ինձ ընդամենը երկու րոպե ժամանակ տրվեց` սիմպոզիումին ելույթ ունենալու համար, դա այդպես չի արվում»,- բողոքել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը:

Ելույթ ունենալով սիմպոզիումին, որը Հռոմ կատարած իր այցի ծրագրի առաջին կետն էր, Պոմպեոն անմիջապես սուր քննադատության է ենթարկել Պեկինին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ «այսօր ոչ մի տեղ դավանանքի ազատությունն ավելի շատ հարձակման չի ենթարկվում, քան Չինաստանում»:

«Ես կոչ եմ անում բոլոր կրոնական առաջնորդներին համարձակություն գտնել` իրենց համայնքների եւ այլ դավանանքների ներկայացուցիչների համայնքների նկատմամբ հետապնդումներով»,- շեշտել է ամերիկացի քաղաքական գործիչը:

Հատկանշական է, որ իր եվրոպական ճանապարհորդության մեկնարկից առաջ Պոմպեոն քննադատել է 2018-ի սեպտեմբերին Վատիկանի եւ Չինաստանի միջեւ կնքված «ժամանակավոր համաձայնագիրը»` Չինաստանում կաթոլիկ եպիսկոպոսներ նշանակելու վերաբերյալ: Այս փաստաթղթի ժամկետը հոկտեմբերին լրանում է, եւ սպասվում է, որ շուտով պայմանագիրը կերակարաձգվի:

Շատ դիտորդների կարծիքով` այդպիսի հեռանկարը Վաշինգտոնի համար բացարձակ անընդունելի է, եւ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է ճնշում գործադրել Վատիկանի վրա այդ կապակցությամբ: Օրերս Պոմպեոն մեկնաբանություն էր հրապարակել, որում նա պնդում էր, որ այս համաձայնագիրը կաթոլիկների իրավիճակի վատթարացման է հանգեցրել Չինաստանում, ինչը սպառնում է խաթարել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը:

Պետքարտուղարի այս հայտարարությունները հաստատում են, որ Վատիկանի եւ ԱՄՆ-ի ներկայիս հարաբերությունները հեռու են իդիլիական լինելուց: Դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական եւ միջազգային մի շարք կարեւոր հարցերի լուրջ անհամաձայնություններով: Վաշինգտոնը հատկապես անհանգստացած է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Չինաստանի հետ երկխոսություն մշակելու քաղաքականության կապակցությամբ, որն արտացոլվել է «ժամանակավոր համաձայնագրի» կնքման մեջ: