Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե ի՞նչ է նշանակում ՄԻԵԴ որոշումը՝ Ադրբեջանի դեմ հայկական դիմումի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին։

«Ի՞նչ է միջանկյալ միջոցը, ժամանակավոր և հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքերում, երբ առկա է անդառնալի հետևանքների վտանգը։ Անդառնալի հետևանք է, երբ կա ռեալ վտանգ կոնվենցիայի հոդվածների խախտումների, որոնք չեն կարող հետո վերացվել կամ հետ բերվել։ Խոսքն այստեղ գնում է առաջին հերթին կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի, խոշտանգումների նաև որոշ բացառություններով՝ անձնական կյանքի անձեռնմխելիությունն է՝ 8-րդ հոդվածը։ Մենք մեր դիմումում նշել էինք 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները, այդ բոլոր դրվագներով մենք տեսնում էինք խախտման ռիսկեր ու արդեն խախտումներ։ Այսօր էլ այդ ռիսկը շարունակվում է։ Դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է միայն 2-րդ ու 3-րդ հոդվածներին, 8-րդ հոդվածին չի անդրադարձել։ Եվ սրա իմաստն այն է, որ կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողություններից, որոնք հետագայում կառաջացնեն անդառնալի հետևանքներ»,- ասաց նա։
Եթե կողմերից մեկը չի պահպանում այս որոշումը, դա առաջացնելու է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում։ Ըստ Կիրակոսյանի՝ դատարանը պետք է այդ հարցին անդրադառնա ակտով, ավելի հավանական է՝ վճռով։ «Հետևանքները կլինեն շատ ավելի բարդ, նաև քաղաքական առումով, որովհետև դա բավական լուրջ խախտում է Եվրոպական կոնվենցիայի տրամաբանության մեջ։ Տարբեր լուրջ հետևանքներ կան»,- հավելեց նա։