«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը եւ վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,-նախօրեին այդպիսի հայտարարություն է տարածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս օրերին կրկին ակտուալ է դարձել իրավիճակին ՀԱՊԿ-ի միջամտության հարցը:

Սա ավելի առաջնային դարձավ հատկապես երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական թիրախում հայտնվեց նաեւ Հայաստանը, եւ քաղաքացիական զոհ ունեցանք Վարդենիսի ուղղությամբ գործողությունների հետեւանքով: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, եւ կրկին նշվում է, որ կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ անի դադարեցնել կրակը։

ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա՝ ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները այդ անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:

Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, սակայն նկատենք, որ պաշտոնական Երեւանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: «Մենք այժմ քննարկում ենք այս հարցը՝ իրավիճակի զարգացման հետ կապված, երկրի ղեկավարությունն է քննարկում», – երեկ նշել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Մոսկվայի ժամանակով 17: 00-ին Հայաստանից դիմում դեռ չեն ստացել իրավիճակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընդգծել է, որ Երեւանը կօգտագործի կազմակերպության մեխանիզմները, եթե հակամարտության ընդլայնումը սպառնա հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ շրջանակներում խորը վերլուծության թեմա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում