Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչու Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի:

Գործակալությունը որպես առաջին պատճառ է դիտարկում այն փաստը, որ երկու պետությունն էլ ոչ միայն Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվում, այլև հետխորհրդային տարածքի մաս են կազմում: Հատկապես ընդգծվում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում երկու երկիրն էլ գրեթե պատահականունության շնորհիվ են անկախացել, քանի որ մինչ այդ վերջիններիս ներքին էլիտան չի զբաղվել իրենց պետության արտաքին քաղաքականությամբ, ռազմական գործերով, պետական կառավարմամբ, իսկ տնտեսություններն էլ զուտ համընդհանուր մեխանիզմի մաս են կազմել: Նշվում է, որ ԽՍՀՄ տարիներին միջազգային խնդիրները «ծանրացրել» են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, սակայն դրանք սպառնացող բնույթ չեն կրել, քանի որ Մոսկվան դեռ վեահսկողությունն իր ձեռքում էր պահում: Այնուհետև խոսվում է Գորբաչովի թույլ ղեկավարման հետևանքով միության փլուզման, Հայաստանի ու Ադրբեջանի անկախության և դրան հաջորդած պատերազմի մասին, որն ավարտվել է Հայաստանի հաղթանակով: Խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տարբերությունների մասին, սակայն նրանց միջև միակ և կարևոր նմանությունն է համարվում այն, որ երկուսն էլ կապված են Ռուսաստանի հետ: Այս կողմնորոշումը միաժամանակ և՛ գիտակցված, և՛ պարտադրված է դիտարկվում:

Երկու երկրների տնտեսություններն էլ առևտրային և գործարար կապեր ունեն Ռուսաստանի հետ: Նշվում է, որ չնայած Հայաստանը ռուսական կողմի հետ ընդհանուր սահման չունի՝ այնուամենայնիվ ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության մաս է, ուստի՝ ռուսական կողմին պաշտոնապես ավելի մոտ է, Հայաստանում է գտնվում նաև ռուսական ռազմաբազան: Սակայն, Ռուսաստանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է նաև Ադրբեջանի հետ, ուստի՝ Կովկասում նրան ձեռնտու է խաղաղությունը:

Ռուսաստանը կտրականապես դեմ է ռազմական եղանակով արցախյան հիմնախնդրի լուծմանը, ոչ միայն որովհետև ցավում է երկու ժողովուրդների համար, այլ այն պատճառով, որ պատերազմի միջոցով որևէ հարց հնարավոր չի լինի լուծել: Նշվում է, որ Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում բանակի վերազինման վրա, այն ավելի շատ բնակչություն ունի, սակայն հայերը Ղարաբաղում ռազմական տեսանկյունից շատ ավելի շահավետ դիրքերում են գտնվում: Աղբյուրը շեշտում է, Ադրբեջանը չի կարող ստիպելով հետ վերցնել Ղարաբաղը, մինչդեռ  երկարատև պատերազմ սկսելով՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը կարող են լրջորեն թուլացնել միմյանց:

Մեծ պատերազմ թույլ չտալու հարցում Ռուսաստանի երկրորդ պատճառը տարածաշրջանում՝ այդ թվում Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունն է, որն ակտիվ քաղաքականություն է պահանջում:

Ընդգծվում է, որ չնայած Ռուսաստանը Ղարաբաղի համար պատերազմում չի օգնելու Հայաստանին կամ Ադրբեջանին՝ այնուամենայնիվ նրա համար կարևոր է, որ արտաքին խաղացողները չփորձեն «ձեռքները տաքացնել» ինչպես այս հակամարտության սրման, այնպես էլ դրա կարգավորման գործում: Առաջին դեպքում խոսքը Թուրքիայի մասին է, որը հստակորեն անցել է եղբայրական Ադրբեջանի կողմը: Նշվում է, որ երկու թյուրք ժողովուրդ որքան էլ մտերիմ լինեն, սակայն Անկարան ոչ մի դեպքում չպետք է փորձի խոսքից գործի անցնել:

Էրդողանի ցանկացած հրապարակային հայտարարություն (օրինակ ՝ «Ադրբեջանի համբերությունը սպառվել է», և «Բաքուն ինքնուրույն վերջ է դնում հայկական շրջափակմանը», «Ժամանակն է վերջ դնել Ղարաբաղի՝ հայկական շրջափակմամբ սկսված ճգնաժամին»), կարելի է բացատրել ներքին և արտաքին «փիառով», սակայն Անկարայից ուղղակի ռազմական օգնությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների համար, ինչը Էրդողանը հրաշալի հասկանում է: Նա գիտակցում է, որ Ղարաբաղը (և ընդհանրապես Անդրկովկասը) Սիրիա կամ Լիբիա չէ, որտեղ ռուսները պատրաստ են հաշվի նստել թուրքական շահերի հետ, այդ պատճառով էլ Անկարան հայ-ադրբեջանական հակամարտությանը միայն խոսքերով կմիջամտի:

Մեծ պատերազմը կանխելու հարցում Ռուսաստանի համար երրորդ պատճառը ներքաղաքական բնույթ է կրում. նշվում է, որ երկիրը, անկասկած, կցանկանա զերծ մնալ հուլիսին հակամարտության հերթական սրացումից հետո ռուսաստանաբնակ միլիոնավոր հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած նմանատիպ սկանդալներից ու կռիվներից:

Տեսականորեն Մոսկվան մնացած փաստարկների անարդյունավետ լինելու դեպքում բացառապես խաղաղության պարտադրման համար շատ արդյունավետ ճնշում կարող է գործադրել Բաքվի և Երևանի վրա Ռուսաստանում ապրող էթնիկ խմբերի միջոցով, սակայն բանը դրան չի հասնի: Պատճառն այն է, որ Ալիևը և Փաշինյանը կլսեն Պուտինին, և որ իրականում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Հայաստանին մեծ պատերազմ պետք չէ:

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ի՞նչ են, ի վերջո, կողմերն իրարից ուզում՝ աղբյուրը նշում է՝ բանակցություններ:

Համենայն դեպս իր հարձակողական գործողություններով Բաքուն ակնհայտորեն ձգտում է լուրջ բանակցությունների համար Երևանի համաձայնությունը ստանալ: Կարճ պատերազմում Ադրբեջանի հարաբերական հաղթանակը, և ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի նույնիսկ ժամանակավորապես որոշակի տարածքներ գրավելու փաստը պետք է հիշեցնեն Հայաստանին, որ ժամանակն աշխատում է իր դեմ: Այո, Ռուսաստանը թույլ չի տա հայ-ադրբեջանական լիարժեք պատերազմ, բայց դա չի նշանակում, որ ղարաբաղյան խնդիրը լուծելու փորձերը պետք է հետաձգվեն անորոշ ժամանակով: Այն չի կարող ամբողջությամբ վերանալ, սակայն որոշ կարևոր հարցերի լուծմամբ, հնարավոր կլինի մասամբ ազատվել լարվածությունից: