ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կայացած ճեպազրւոյցում թվեց մի շարք պատճառներ, թե ինչու չի հաջողելու հակառակորդը. «Որովհետև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կայնքի գնով պաշտպանելու հող հայրենին, որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի արդեն ինն զրահատեխնիկա և այսօր շարունակում է  իր ծառայությունը մեր հայրենիքին, որովհետև ունենք արցախյան առաջին գոյամարտի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ, որովհետև ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն՝ թշնամիների հետ միասին»,- թվեց նախագահը:

Արայիկ Հարությունյանը վերջում ընդգծեց. «Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։