Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Այս մասին հայտարարություն են տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն ու նախագահները:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածնքների վրա: Մենք հաստատապես համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած մեր համընդհանուր մարդկայնության ոգին սկիզբ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններից:

Մենք մեր պատմությունից եւ սեփական փորձից գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին պահերին լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում եւ հույս են պարգեւում այլոց: Այսօր, երբ ուժի գործադրումն ուղեկցվում է մարդկային կորուստներով, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալու հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով եւ օգնելու խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար:

Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում:

Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ

Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ

Բժիշկ Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ