Տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետեւողական փորձերին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտգործ նախարարությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ

Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Առհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ եւ ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետեւողական փորձերին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»։