Կրեմլում համոզված են, որ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ տարբեր երկրների կոչերն այս պահին միայն յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ պետք է համոզել կողմերին` վերադառնալ հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման ճանապարհ:

«Կրեմլում առաջին հերթին կարևոր են համարում կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Ցանկացած հայտարարություն` կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ և Թուրքիային կոչ արել անել ամենը, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, անել ամենը, որպեսզի հակամարտող կողմերը դադարեցնեն կրակը և վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ մշտական կապի մեջ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց գործընկերների հետ, և, որ համանախագահ երկրները պետք է պատասխանատու դիրք զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար: