Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ արցախյան հակամարտության գոտում բախումների վերսկսումից ի վեր` երկու օրվա ընթացքում զոհվել է Ադրբեջանի 10 խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս երկու օրվա ընթացքում մենք կորուստներ ունենք, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում: Ցավոք, մեր երկրում քաղաքացիական անձանց մահվան դեպքերն աճում են: 10 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում ՝ մեկ ընտանիքի հինգ անդամ, որոնցից երկուսը երեխա», — ասել է Ալիևը ՝ ընդունելով Բաքվում Պակիստանի նոր դեսպան  Բիլալ Հայիի հավատարմագրերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։