Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վայնասուն է բարձրացրել Հայաստանի կողմից С-300 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր օգտագործման կապակցությամբ։ Բաքվից հայտարարություններ են հնչում, թե, իբր, իրենց հետախուզության տվյալների համաձայն՝ Հայաստանն իր С-300 զենիթահրթիռային համակարգերը տեղափոխում է Արցախ։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին այս լուրերի կապակցությամբ հայտարարել է, որ «կոչնչացնեն Հայաստանի զենիթահրթիռային համակարգերը», եթե դրանք հայտնվեն Արցախում, գրում է ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որ սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: