Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրապարակել է «Զինուժ»-ի հաղորդաշարի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները իրականացնում պատժիչ գործողություններ` խոցելով հակառակորդի թիրախները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ զինվորները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված խնդիրները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա, 47 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ: