Բնականաբար Հայաստանի դիվանագիտական զինանոցում թե Արցախի անկախությունը ճաչանելու հարցը կա, թե ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա, բայց այն, որ թեման այսօր հրապարակային քննարկման առարկա է դարձել, շատ կարեւոր է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք միայն հարցի քննարկումը իրավիճակ է փոխել միջազգային արձագանքների կամ Ադրբեջանի արձագանքների առումով, Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ հասցրել հետեւել միջազգային արձագանքներին, բայց կարող եմ ասել, որ դա իր  նշանակությունն ունի: Մենք տարբեր զենքեր ունենք եւ չպետք է այդ զենքերը բոլորը միանգամից կրակենք: Ըստ անհրաժեշտության այդ հարցերը կդրվեն սեղանի վրա: Այս պահին ԱԺ ընդունվող հայտարարությունն է որպես զենքի կիրառվում: Եթե կարիք կլինի նաեւ այլ զենքեր կկիրառվեն»:

Դիտարկմանը, որ նախօրեին ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հիմա հենց Արցախը ճանաչելու պահն է, Մարուքյանը նկատեց, որ ընդդիմությունը, այո, պետք է ավելի սուր պահանջներ դնի, իսկ իշխանությունը պետք է քննարկի դրանք: «մենք հիմա գտնվում ենք պատերազմի մեջ, եւ հռետորաբանություն միջազգային դիվանագիտական տարբեր խողովակներով բնականաբար այս ուղերձները տեղ են հասնում, որ այս երկրում սկսել են նման քննարկումներ եւ բնականաբար, դրանից բխող հետեւություններ են արվում»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչ հետեւանքներ կարող է ՀՀ-ի համար ունենալ Արցախի ճանաչումը, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ միշտ որպես հետեւանք նշվել է այն, որ կարող է լնիել պատերազմ. «Բայց հիմա մենք մեծ պատերազմի մեջ ենք եւ մեծ հաշվով կորցնելու բան չունենք: Նաեւ երեկ տեսել եմ, որ մարդիկ ասում են՝ ոչ թե ճանաչենք անկախությունը, այլ միացնենք Հայաստանին: մեխանիզմներ կան, տարբեր տեսլականներ կան դրա հետ կապված: Բայց բոլորիս վերջնանպատակը մեր հայրենիքի միավորումն է դե յուրե: Ես կարծում եմ՝ մենք մեր անելիքը էդ մասով արել ենք: Երեկվա նիստի ժամանակ մենք մեր անելիքը արել ենք, ուղերձները հղված են եւ հասել են համապատասխան տեղերին: Եթե ավելին պետք լինի, ավելին էլ կանենք»,-ընդգծեց նա: