Բելառուսն իր մտահոգությունն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրման և ծանր զինատեսակների ու ավիացիայի կիրառմամբ ակտիվ մարտական գործողությունների առնչությամբ»: Այս մասին այսօր հայտարարել են Բելառուսի ԱԳՆ-ից, գրում է ria.ru-ն։

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վերահաստատում ենք այս և նրանց համար ընդունելի այլ ձևաչափերում կողմերի երկխոսությունն առաջ մղելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «այսօր գլխավորը արյունահեղության շուտափույթ դադարեցումն է և նոր մարդկային կորուստներից խուսափումը»։

«Մարդկային կյանքերն անգին են, ուստի չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և հանգստության պահպանման համար»,-ընդգծել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։