Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի ամառային սրումից եւ ներկայիս էսկալացիայից հետո Լեռնային Ղարաբաղում նոր աշխարհաքաղաքական իրողություններ են ձեւավորվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա նշել է, որ երեկ ռուսական կողմի հետ զրույցում ղեկավարությունը հայտարարել է «նոր աշխարհաքաղաքական իրողությունների մասին, որոնք ձեւավորվել են հուլիսյան դեպքերից հետո (հայ-ադրբեջանական սահմանին) եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից հետո (Լեռնային Ղարաբաղի շփման գծում)»: «Իսկ այդ իրողություններն այն են, որ այսօր Հարավային Կովկասի ռազմական գործողությունների թատրոնում երրորդ կողմ է գործում` Թուրքիան, ՆԱՏՕ-ի կողմը, որն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի կողմից` ռազմական խորհրդատուների ներկայությամբ, զենքի մատակարարմամբ եւ այլն»,- ասել է Տողանյանը:

«Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել… Այսօր Ռուսաստանը եւս հետաքրքրված է, եւ երեկ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել արտգործնախարարի եւ նախագահի մակարդակով, եւ Ռուսաստանի կողմից կոչեր են հնչեցվել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Հուսով եմ, որ Ռուսաստանին կհաջողվի դադարեցնել այս պատերազմը եւ կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի հովանու ներքո»,- ասել է դիվանագետը «Էխո Մոսկվա»-ի եթերում: