Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում անել հնարավոր նոր պատերազմը կանխելու և արտաքին ցանկացած միջամտությունից խուսափելու համար: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում անել հնարավորը նոր պատերազմից խուսափելու համար»,-ասել է Ստանոն:

Նա նաև կոչ է արել տարածաշրջանային բոլոր ուժերին նպաստել ԼՂ-ում իրավիճակի լիցքաթափմանը:

«Մենք գիտենք, որ տարբեր ուժեր աջակցում են հակամարտության այս կամ այն կողմին: Մենք տարածաշրջանային բոլոր ուժերին կոչ ենք անում նպաստել իրավիճակի լիցքաթափմանը»,-նշել է ԵՄ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։