Ռուսաստանցի միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը «մահացել էր», սահմանին նման լարվածությունը կանխատեսելի էր: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բանակցություններն արդեն ոչ ոքի պետք չէին, անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբն էր շատ հոգնել իր պարտականություններից:

«Հայաստանին ոչ պատերազմն էր պետք, ոչ էլ տարածքների վերաինտեգրման մասին խոսակցությունները, քանի որ դրանք վերադարձնել Ադրբեջանին նա չէր պատրաստվում»,- ասաց նա` նշելով, որ Ադրբեջանն էլ հասկանում էր, որ բանակցություններով ոչնչի հասնել չէր կարող, անգամ եթե հարյուր տարի նստի բանակցային սեղանին:

Պատերազմն այս ամբողջ ընթացքում, ըստ նրա, մեռած չէր, և գնում էր բանակցային գործընթացին զուգահեռ: «2016-ի ապրիլը և հատկապես 2020-ի հուլիսն այդ մասին են խոսում: Այդ բռնկումներն անխուսափելի են, քանի որ արտաքին աշխարհում ընդհանրապես ամեն ինչը դուրս է գալիս հավասարակշռությունից: Չի կարող Ղարաբաղը մեկուսացված լինել, երբ աշխարհը փուլ է գալիս համարյա բոլոր ուղղություններում: Իսկ պատերազմի բռնկման նախադրյալ միշտ կա և այն միշտ նույնն է` Արցախի և նրան շրջապատող տարածքների պատկանելությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով այս իրավիճակում Ռուսաստանի դիրքորոշմանը` Գրիգորի Տրոֆիմչուկը նշեց, որ այն շատ պարզ է. նրան պատերազմ պետք չէ, այն էլ նման վախեցնող պոտենցիալով, որպիսին ղարաբաղյանն է: «Ռուսաստանին ձեռնտու է ներկայիս ստատուս քվոն, միայն պատերազմ չլինի: Դրա համար էլ Մոսկվան անփոփոխ հետևում է ի սկզբանե արած հայտարարություններին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` միայն քաղաքական, դիվանագիտական ճանապարկով և որքան հնարավոր է երկար ժամանակ, բանակցել այնքան, ինչքան պետք է»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի ակտիվությանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում և վերջին ռազմական գործողություններում` ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ Թուրքիան 2020-ի հուլիսյան սահմանային բախումների ժամանակ ավելի ակտիվացավ ղարաբաղյան հիմնախնդրի տեղեկատվաքաղաքական դաշտում: Օրինակ` բերեց թուրք-ադրբեջանական միացյալ զորավարժությունները, Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու մասին հայտարարությունները և այլն:

«Իսկ գործնականում ամեն ինչ նույնն է մնացել: Թուրքիան պատրաստ չէ իրականում Ղարաբաղում պատերազմելու, նա առանց այն էլ շատ վայրերում է պատերազմում: Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան կարող է բաց թողնել պահը Հարավային Կովկասում իր ներկայության մեծացման: Տարածաշրջանային խաղացողներին, այդ թվում Ռուսաստանին, դա դեռ շատ ուժեղ չի անհանգստացնում, քանի որ շատերը Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան թեմայում գնահատում են որպես ավելի շատ վերբալ, ռազմական միջամտության հետ դեռ ոչ մի կապ չունեցող: Շատ բան կախված է ԱՄՆ-ի ներսում տեղի ունեցող վերադասավորումներից, որը կարող է անդրադառնալ նաև Ղարաբաղի շուրջ զարգացումներին»,- ասաց նա: