Բաքվի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես անցում է կատարել սահմանափակ աշխատանքային ռեժիմի ՝ Ադրբեջանում հայտարարված ռազմական դրության պատճառով: Այս մասին տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ադրբեջանի տարածքում սահմանված ռազմական դրության հետ կապված՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը ժամանակավորապես անցնում է սահմանափակ ռեժիմի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ դադարեցվել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (ԱԶԱԼ) չվերթները Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ: Բացի այդ, չեղարկվել են նաև նույն ավիաուղիների չվերթները Բաքու-Լոնդոն-Բաքու (հոկտեմբերի 1-ին) և Բաքու-Բեռլին-Բաքու ուղղություններով (հոկտեմբերի 2-ին): Տեղեկացվում է նաև արտասահմանյան մի շարք ավիափոխադրողների չվերթների չեղարկման մասին:

Այսպիսով, «Աէրոֆլոտ»-ը չեղյալ է հայտարարել Մոսկվա — Բաքու — Մոսկվա չվերթները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 1-ին և 4-ին, «FlyDubai»-ը` Դուբայ — Բաքու — Դուբայ չվերթները, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին, և «Բելավիա»-ն Մինսկ – Բաքու-Մինսկ թռիչքները՝ հոկտեմբերի 2-ին և 4-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։