Հայաստանի և Արցախի 14 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ ողջ ներուժով սատարում են Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան: Այս մասին տեղեկացնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության հանրային կապերի գրասենյակից։

Հայտարարության մեջ նշված է. «Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման:

Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:

Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը:

Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն:

Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը:

Հաղթանակը մերն է»:

Հայտարարությունն ստորագրել են «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան», Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության» և «Մեկ Հայաստան» կուսակցություննները՝ նշելով, որ հայտարարությունը բաց է միանալու համար: