Հայաստանի Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե օրակարգում կա արդյոք Արցախի անկախությունը ճանաչելու հարցը:

«Ձեր ուղիղ հարցին` կա արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, պատասխանում եմ՝ այո: Ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այդպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում. պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք և գործնականում հիմա նաև, գուցե, հանրային քննարկում սկսվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ քննարկվում են բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները: