ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը է հղել՝ կապված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ:

Նա մասնավորապես նշել է.

«Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ:

Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:

Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:

Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,

Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»:

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։