Նախնական տեղեկություններով` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա` ներառյալ երեխաներ ու կանայք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին: Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Արցախի ՄԻՊ շխատակազմը սկսել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

«Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում են այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է»,– նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

armeniasputnik.am