Դատարանը հրապարակեց որոշման եզրափակից մասը և ըստ էության բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանի որոշումն իրենց համար կանխատեսելի էր. «Այդ պատճառով էլ Ծառուկյանը նույնիսկ չներկայացավ: Նա սպասում է ԱԱԾ-ում, նա միանգամից այնտեղ է գնացել: Ամբողջ գործընթացի հապճեպ իրականացումը, դատավարի կողմից նիստը ինը ժամ անցկացնելուց հետո միանգամից այսօր ժամը 23-ին որոշում հրապարակելը արդեն վկայում էր համապատասխան տրամադրվածության մասին»:

Նա նաև նշեց, որ թեև որոշումն արդեն ստացել են, սակայն չեն ծանոթացել բովանդակությանը. «Բայց որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում: Որոշումն ակնհայտորեն անօրինական էր: Միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը հակասում է եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ: Կալանքը որպես երևույթ պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»:

Փաստաբանը նաև նշեց, որ դատարանի նման որոշումը պայմանավորված էր վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվությամբ. նա հանդիպումներ էր անցկացնում բնակչության հետ: