Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի զարմիկն ասում է, որ կանխիկով 18 մլն դոլար է գտել, որը թաքցված էր իր հորեղբոր տներից մեկի պատի մեջ, հայտնում է Independent-ը։

Նիկոլաս Էսկոբարը պնդում է, որ «տեսիլքն» իրեն հուշել է, թե Մեդելյինայի բնակարանում (նա հիմա այնտեղ է բնակվում) կոնկրետ որտեղ պետք է փնտրել փողը։

Կոլումբիական լրատվամիջոցներին Էսկոբարը հայտնել է, թե սա առաջին դեպքը չէ, որ ինքը փող է գտնում հորեղբոր թաքստոցներում։ Նրա խոսքով՝ գտել է նաեւ ոսկե գրիչ, արբանյակային հեռախոսներ, գրամեքենա եւ չերեւակված ժապավեն։

«Ամեն անգամ, երբ ճաշասենյակում նստած նայում էի ավտոկայանատեղիի ուղղությամբ, տեսնում էի, թե ինչպես է տղամարդը մտնում այդտեղ եւ անհետանում»,- ասել է Էսկոբարը կոլումբիական «Red + Noticias» հեռուստաալիքին։

Նիկոլաս Էսկոբարը, որն այս բնակարանում բնակվել է 5 տարի, ասում է, որ որոշ թղթադրամներ վնասված էին եւ օգտագործման համար ոչ պիտանի։ Նրա խոսքով՝ ժամանակին ինքը հորեղբորն ուղեկցել է ուղեւորությունների ժամանակ, եւ մի անգամ նրան նույնիսկ առեւանգել ու խոշտանգել են նրան որոնող մարդիկ։

Պաբլո Էսկոբարը տասնամյակներ շարունակ պայքարել է Կոլումբիայի կառավարության դեմ, որ խուսափի ԱՄՆ արտահանձնվելուց, եւ ի վերջո՝ 1993 թվականին սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։

Թմրաբարոնը Մեդելյինայում իր կարտելը ստեղծել է 1970-ական թվականների վերջին եւ 1980 թվականին զբաղվել է ԱՄՆ-ում կոկաինի մաքսանենգության 80 տոկոսով։

«Կոկաինի արքա» մականունով Էսկոբարը դարձել է աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա բիզնեսը բերում էր շաբաթական մոտ 420 մլն դոլար։ Նա 7 տարի անընդմեջ մտել է Forbes-ի միջազգային միլիարդատերերի ցուցակի մեջ՝ 1987-1993 թվականներին։

1989 թվականին նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 7-րդ տեղում էր։

Էսկոբարին, ում անվանում էին նաեւ «Էլ Պատրոն», իշխանությունները կալանավորել են 1991 թվականին եւ պահել «Մայր տաճար» կոչվող հատուկ նախագծված բանտում, որտեղ նա կարող էր ընտրել խցակիցներին, եւ շարունակել է ղեկավարել իր գործունեությունը։

Ըստ պաշտոնական գնահատականների՝ Էսկոբարի կարտելը միայն 1989-1993 թվականներին ներգրավված է եղել ավելի քան 5 հազար սպանությունների մեջ։