Policemen simulate an arrest during national security day in Nice, southeastern France, October 10, 2009. REUTERS/Eric Gaillard (FRANCE CRIME LAW SOCIETY) — GM1E5AA1L7N01

Ծովագյուղում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա: ՀԺ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Մեր տեղեկություններով, ձերբակալվածը Ծովագյուղի 33-ամյա բնակիչ է:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝  Ծովագյուղ համայնքի ղեկավարը եւ մի քանի տասնյակ անձնաց հետ հարձակվել էր ոստիկանների ու «Գազպրոմի» աշխատակիցների վրա հայհոյելու եւ հարվածներ հասցրել նրանց: Ծեծկռտուքից տուժել էր նաեւ Գավառի ոստիկանապետը. նա աչքի շրջանում վնասվածք է ստացել:

«2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: