Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր քննեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:  Դատարանի դիմաց հավաքվել էին Ծառուկյանի քաղաքական թիմի անդամներն ու աջակիցները։ ԲՀԿ ղեկավարը ժամանեց։  Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ տրամադրությամբ է եկել դատարան, Ծառուկյանը նշեց, որ շատ լավ տրամադրություն ունի:Հարցին՝ մտավախություն ունի՞, որ իրեն կալանավորելու որոշում կկայցնեն, Ծառուկյանն ասաց եթե իրեն ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, ներդրումներ կլինեն ու էլի այլ բաներ, հարց չկա։

Ապա մեկնարկեց դռնփակ դատական նիստը։ Մինչ Ծառուկյանը ներսում էր ԲՀԿ խմբակցության պատգամավորներն էին լրագրողների հարցերին  պատասխանում։ Տեղի ունեցող գործընթացները իսկզբանե քաղաքական են որակել, այս հարցում իրենց դիրքորոշումը չեն փոխել։ Դատարան էին եկել նաեւ ներկայացուցիչներ ՀՅԴ և Հայրենիք կուսակցություններից։ Հիշեցնենք՝ վերջիններս ԲՀԿ-ի հետ հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրել։ Իշխանությունը այս հանգամանքը պայմանավորել էր նշանակված դատական պրոցեսով, արձագանքում է Նաիրա Զոհրաբյանը։

Դատական նիստը ընդմիջվեց։ Ծառուկյանի պաշտպանական թիմը միջնորդությունը քննող դատավոր Մնացականյանին ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա գտնում է, որ դատարանը ամեն ինչ անում է Ծառուկյանին արագ կալանավորելու համար, հիշեցրեց, ավելի վաղ իրենք էին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):