Այսօր Երևանի Կենտրոն և Նոր-Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նշենք, որ սեպտեմբերի 23-ի նիստը չկայացավ, քանի որ պաշտպաններն ու Գագիկ Ծառուկյանը նիստին չէին ներկայացել։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տրամադրությամբ է դատարան եկել։ «Շատ լավ, շատ բարձր, Ծառուկյանին ի՞նչ ա եղել, որ տրամադրությունը լավ չլինի։ Եթե մարդը խոսում է իր երկրի, իր ժողովրդի, իրավիճակի համար… այսօր սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակը այնքան ծանր ա, որ էդպես երբեք չի եղել։ Ես հունիսի 5-ին ասել եմ, որ այս վիճակից հարկավոր է դուրս գալ։ Այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ Հայաստանին աջակից լինի։ Ես ասում եմ ուղղեն, կարգավորեն, թե չէ ավելի վատ ա լինելու։

Մարդիկ անփորձ են, չեն տիրապետում ոլորտին։ Այսօր պատմաբանին չեն կարող դնել տնտեսության ղեկավար։ Խնդիրը սա է եղել։ Ես ինչ-որ ասել եմ, դրան տերն եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»,-նշեց Ծառուկյանը։

Դիտարկմանը, թե պաշտպանները հայտարարում էին, որ դատավորին ուղղորդել են, արդյոք ինքն էլ է այդ կարծիքին, Ծառուկյանը նկատեց. «Դատական պրոցեսը ցույց կտա»։ Համակիրները «Ծառուկյան» վանկարկումներով նրան ճանապարհեցին դատարան։