Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի բակում ՀՀ ոստիկանները դիմակ են բաժանում քաղաքացիներին:

Նշենք, որ այսօր այստեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է ԱԱԾ քննիչը:

Վաղ առավոտից Ծառուկյանին աջակցելու են եկել բազմաթիվ համակիրներ, որոնք ծափերով եւ «Ծառուկյանը մենք ենք» վանկարկումներով ողջունում են նրան: Այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը եւ ուրիշներ:

Դատարանի բակում հավաքվածներին ոստիկանությունը պարբերաբար հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նա առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: