Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, ուրեմն դա քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Եթե կալանք տրվեց, ուրեմն դա քաղաքական հետապնդում է. ինչու, ոչ թե որ Ծառուկյանն իմ ղեկավարն է, այլ զուտ որպես իրավաբան եմ ասում։ Իրեն վերագրվող արարքը հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարք է, որի համար օրենսդիրը նախատեսում է որպես սանկցիա՝ տուգանքը։ Կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց, մինչդեռ դրա հիմքերն ընդհանրապես չկան», ասաց պատգամավորը։

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ դեռ պետք է անմեղության կանխավարկածը պահվի. «Արդյոք այդ մարդը դա կատարե՞լ է, թե՞ ոչ, մի հատ էլ միանգամից կալանք եք տալիս։ Քրեական հետապնդումը հարուցվել է հունիս ամսից, մինչեւ այսօր Ծառուկյանը որեւէ քայլ չի արել, որը կնշանակեր՝ ինքը խուսափում է քննությունից, չկա ապացույց, որ Ծառուկյանը ներգործել է վկաների վրա՝ ինչ-որ ցուցմունք տան։ Այստեղ քաղաքական հետապնդում է գնում անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որովհետեւ Փաշինյանի քիմքին հաճելի չեղավ, որ Ծառուկյանն ասաց՝ այս Կառավարությունը ապիկար է եւ պիտի հրաժարական տա։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրության պաշար ունենար ու խելք, կասեր՝ պարոն Ծառուկյան, եկեք համագործակցենք, մեր ուժերը մեկտեղենք, օգտագործենք ձեր հեղինակությունը միջազգային ասպարեզներում, այս սոված ժողովրդին փրկենք։ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են, որ Հայաստանին հարվածեն, Նիկոլ Փաշինյանը ձի է քշում ու Ծառուկյան է կալանավորում»։

Նշենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):